04/08/2023
«6 րոպեանոց երգը չի՛ կարող հիթ դառնալ». փոքրիկ պատմություն՝ Queen-ի «Bohemian Rapsody» երգի հիթ դառնալու մասին 😋
Ինչպես հասկացաք չակերտներից, ամենավերևում գրված միտքը մեր պնդումը չէ... նման կարծիքի էին ժամանակին «երաժշտական վերնախավի» ներկայացուցիչները, երբ արդեն ժամանակն էր Queen-ի այդ խելահեղ ստեղծագործությունը թողարկել սինգլի տեսքով ու հնչեցնել ռադիոյով... բայց ամեն ինչի մասին հերթով ))
«Բոհեմյան Ռափսոդիան» 2018-ին ճանաչվել է 20-րդ դարի երգերից ամենաշատ նվագարկվածը (ավելի քան 1,6 միլիարդ անգամ) և 70-ականների երգերից միակն այդ պահի դրությամբ, որի դիտումների քանակը Youtube-ում հատել է 1 միլիարդի շեմը, իսկ հենց թողարկվելու տարում՝ 1975 թվականին, երգի կրկնօրինակի ավելի քան մեկ միլիոն օրինակ է վաճառվել 🔥
Այս ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ են տպավորիչ փաստերն ու վիճակագրությունները, բայց մեր այսօրվա նյութը մի փոքր այլ բանի մասին է...
Ուրեմն, երգի ձայնագրումից հետո պարզվում է, որ դրա ամբողջական տարբերակն ունի շուրջ 6 րոպե երկարություն (5 րոպե 55 վայրկյան), իսկ այն «շատ երկար է ռադիոյով հնչելու համար ու այն երբեք հիթ չի կարող դառնալ» (չէ, սա էլի մենք չենք ասում, այսպես էին ասում քննադատներն ու «երաժշտական վերնախավը» 😀)... Բայց պարզվեց, որ Queen-ը, որոշ անհատներ ու մարդկությունը մի քիչ այլ ծրագրեր ունի այս երգի մասով ))
Երգը սինգլի (այսինքն, երբ ձայներիզի մի կողմում ընդամենը մի երգ է) տեսքով կարող էր այդպես էլ չթողարկվել ու գուցե նաև հիթ չդառնալ, եթե չլիներ այս հետաքրքիր դեպքը, որի մասին պատմել է խմբի պրոդյուսեր Ռոյ Թոմաս Բեյքերը...
Այսպես, ուրեմն, քննադատությունների ֆոնին խմբում որոշում են երգի ձայնագրությունը հանձնել Capital FM-ի դիջեյ Քեննի Էվերեթին, ով սկզբում երգից միայն կարճ հատվածներ է հնչեցնում (լսողների նյարդերի հետ է խաղում 😁), իսկ արդեն հանգստյան օրերին հնչեցնում է այն ամբողջական տարբերակով 14 անգամ, որից հետո արդեն դիջեյ Պոլ Դրյուն է երգը հնչեցնում իր շոուում, որին էլ արդեն հաջորդում է իրար հերթ չտվող երկրպագուների պահանջը՝ թողարկել երգը սինգլի տեսքով... Բնականաբար, դեպքից հետո երգի թողարկումն իրեն երկար սպասեցնել չտվեց 🤩
Հ.Գ. Ահա, հենց այսպես են երբեմն-երբեմն մարդու ստեղծած տարբեր գլուխգործոցներ՝ գիտությունից մինչև արվեստ, տալիս ճեղքում ընդունված պատկերացումներն ու ապահովում զարգացում իրենց, ոլորտի ու ընդհանուրի համար 😉
#Նյուտոն #Արվեստ