10/08/2021
Կտավատի սերմերի օգտակար և բուժիչ հատկությունները հայտնի էին դեռևս հին հույներին: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել այն լորձաթաղանթի բորբոքումների դեպքում: Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը` որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք: Ըստ Ավիցենայի նկարագրությունների` կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից։
Կտավատի սերմերն ու յուղը պարունակում են մեծ քանակությամբ յուղեր, թթուներ, վիտամիններ ու հանքային նյութեր: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 37%-ով: Կտավատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, հատկապես պոլիչհագեցված կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունեության համարյա բոլոր պրոցեսների վրա: Դրան զուգահեռ՝ կտավատի սերմերը պարունակում են բավական մեծ քանակությամբ վիտամիններ՝ (А, В, Е, Р) և այլ կենսաբանական ակտիվ նյութեր: